Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Տիրոջ ոտքերի մոտ

Տիրոջ ոտքերի մոտ
24.05.2013 | 00:46

(սկիզբը` այստեղ)

ԽԱՉԸ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՄԱՍ I
ԱՇԱԿԵՐՏ. Խաչն ի՞նչ նշանակություն և նպատակ ունի, և աշխարհում ինչո՞ւ գոյություն ունեն ցավն ու տառապանքը:
ՏԵՐ. 1. Խաչը բանալին է դեպի երկինք: Այն պահին, երբ իմ մկրտությամբ ես խաչն իմ ուսերին վերցրի ի սեր մեղավորների, երկինքը բացվեց, և երեսուներեք տարի խաչը կրելու միջոցով ու դրա վրա իմ մահվամբ երկինքը, որը մեղքի պատճառով փակված էր հավատացյալներին, ընդմիշտ բացվեց նրանց համար:
Այժմ, երբ հավատացյալները վերցնում են իրենց խաչը և հետևում ինձ, իմ միջոցով երկինք են մտնում ու սկսում վայելել այն անսահման երանությունը, որն աշխարհը չի կարող հասկանալ, քանզի երկինքը փակված է անհավատության առաջ: Հույսն ու փորձառությունը անհավատին կուսուցանեն, որ ուրախությունը հաջորդում է տառապանքին, բայց այդ երջանկությունը տևական չէ: Իսկ իմ զավակներին ես տալիս եմ ցավի ամոքում, կատարյալ երանություն ու խաղաղություն: Նրանք, ովքեր ուրախությամբ վերցնում են իմ խաչը, պաշտպանված են լինում դրանով և միշտ պաշտպանված լինելով այդ խաչով՝ վերջում երկինք են մտնում:
2. Ցավն առաջանում է մարդու կամակոր և ըմբոստ էությունից, ճիշտ ինչպես արևադարձային տապն է տաղտկալի ու ճնշող նրանց համար, ովքեր ապրում են ցուրտ երկրներում, իսկ սառնամանիքը՝ նրանց համար, ովքեր ապրում են արևադարձային երկրներում: Շոգն ու ցուրտը կախված են արևի հանդեպ երկրագնդի հարաբերությունից: Այդպես էլ մարդը, իր սեփական ազատ կամքի գործադրմամբ, մտնում է Աստծո հետ համաձայնության կամ անհամաձայնության վիճակի մեջ, և քանի որ Աստծո օրենքները ծրագրված են մարդու հոգևոր առողջության ու երջանկության համար, դրանց հանդեպ հակառակությունը հոգևոր ցավ ու տառապանք է առաջացնում: Իր կամքին հակառակության և ըմբոստության այդ վիճակներն ընդհանրապես վերացնելու փոխարեն Աստված դրանք օգտագործում է մարդու համար պարզ դարձնելու, որ այս աշխարհը ստեղծված չէ նրա տունը լինելու, այլ նրա համար օտար երկիր է:
Այս աշխարհը մարդուն կատարյալ և հավիտենական տան համար նախապատրաստելու նպատակ ունի միայն, իսկ վատ բախտի հաճախ կրկնվող հարվածները կոչված են արթուն պահելու նրա հոգին, որպեսզի նա անհոգ չդառնա ու ճշմարտությունից խոտորվելով՝ բաժնեկից լինի այս հեղհեղուկ աշխարհի կործանմանը: Նա նախասահմանված է հաղորդակցության մեջ հաստատվելու իր Ստեղծողի հետ և այս անցողիկ կյանքի տառապանքից ու թշվառությունից ազատվելուց հետո մուտք գործելու հավիտենական երանության ու խաղաղության Նրա երկինքը:
3. Ցավն ու տառապանքը թույնի պես դառն են, բայց նաև քաջ հայտնի է, որ երբեմն հակաթույնն ինքնին նույնպես թույն է: Եվ այդպես ես ցավն ու տառապանքը երբեմն օգտագործում եմ իբրև դառը դեղեր, որ խթանեմ իմ հավատացյալների հոգևոր առողջությունն ու եռանդը: Երբ նրանց կատարյալ առողջությունն ապահովված լինի, վերջ կտրվի բոլոր տառապանքներին: Նրանց ցավն ինձ համար բնավ հաճույք չէ, քանզի իմ միակ նպատակը նրանց հավիտենական բարօրությունն է:
4. Ինչպես երկրաշարժի ցնցումից հետո քաղցրահամ ջրի աղբյուրներ են առաջանում ամայի վայրերում և անմշակ հողերը ոռոգվում ու պտղաբեր են դառնում, նույնպես էլ որոշակի դեպքերում տառապանքի ցնցումը մարդու սրտի ներսում բացում է կենսատու ջրի աղբյուրները, և դժգոհությունների ու գանգատների փոխարեն նրանից երախտագիտության և ուրախության գետեր են բխում:
5. Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, խիստ անհրաժեշտ է, որ նա սկսի լալ և ճչալ, որպեսզի նրա շունչն ունենա ազատ շարժում, ու թոքերն ամբողջությամբ գործեն: Եթե ինչ-որ պատճառով նա չի լալիս, անհրաժեշտ է ապտակել նրան, որ լա: Հենց այդպես է կատարյալ սիրո դեպքում: Ես իմ երեխաներին երբեմն ստիպում եմ լալ ցավի ու տառապանքի հարվածներից և խայթոցներից, որպեսզի աղոթքի շունչը կարողանա ազատ հոսել իրենց հոգու թոքերի միջով, և նրանք այդպիսով ստանան նոր եռանդ ու մնան անվախճան կյանքի մեջ:
6. Խաչը նման է ընկույզի, որի արտաքին կեղևը դառն է, բայց ներսի միջուկը հաճելի և կազդուրիչ է: Հետևաբար, խաչն արտաքինից որևէ հմայք չի ներշնչում, բայց խաչը կրողի համար դրա ճշմարիտ բնույթը բացահայտված է, և նա դրանում գտնում է հոգևոր խաղաղության լավագույն վայելքները:
7. Երբ ես մարդացա, մարդկանց փրկության ծանր խաչը կրեցի ոչ միայն իմ խաչելության վեց ժամերի ընթացքում, ոչ էլ նույնիսկ իմ ծառայության երեքուկես տարիների ընթացքում, այլ իմ կյանքի ողջ երեսուներեքուկես տարիների ընթացքում, որպեսզի մարդը կարողանա ազատվել մահվան դառնությունից: Ճիշտ ինչպես մաքրասեր մարդու համար ծանր է նույնիսկ մի քանի րոպե մնալ կեղտոտ և անմաքուր վայրում, նույնպես նրանց համար, ովքեր ապրում են իմ մեջ, չափազանց նողկալի է ապրել անառակ մարդկանց մեջ: Եվ դա է պատճառը, որ որոշ աղոթական մարդիկ, մեղքի գարշությունից դառնացած, թողել են աշխարհը, որպեսզի իբրև ճգնավորներ ապրեն անապատներում ու քարանձավներում: Նկատի առ, որ եթե մարդիկ, որոնք մեղավորներ են եղել, մեղքի ներկայությունը տանելն այնքան ծանր են համարում, որ չեն կարողանում հանդուրժել իրենց նմանների ընկերակցությունն ու լքում են նրանց և երբեք չեն ցանկանում վերադառնալ նրանց միջավայր, ուրեմն որքան չափազանց ցավալի ու դժվար պետք է եղած լինի իմ խաչը, որ ես՝ Սրբության Աղբյուրը, պետք է ավելի քան երեսուներեք տարի մշտապես ապրեի մեղքով ապականված մարդկանց մեջ: Դա հասկանալն ու ճշմարտապես գնահատելը մարդկային մտքի կարողություններից վեր է, և նույնիսկ հրեշտակները ցանկացան նայել դրա ներսը: Նախքան արարչագործությունը նրանք գիտեին, որ Աստված Սեր է, բայց նրանց համար չափազանց զարմանալի ու ապշեցուցիչ էր, որ Աստծո սերը պետք է լինի այնպիսին, որ Իր արարածներին փրկելու և նրանց դեպի հավիտենական կյանք առաջնորդելու համար Նա պետք է մարդանար ու տաներ ծանր խաչը:
8. Այս կյանքում ես նույնիսկ բաժնեկից եմ դառնում նրանց խաչին, ովքեր ապրում են իմ մեջ, և մտնում եմ նրանց տառապանքի մեջ: Թեև նրանք արարածներ են, իսկ ես՝ նրանց Արարիչը, այնուամենայնիվ, ինչպես մարմինն ու հոգին, առանձին էություններ լինելով, այնքան միախառնված են, որ եթե նույնիսկ մարմնի ամենափոքր մասը ցավում է, հոգին անմիջապես զգում է դա: Այդպես ես եմ իմ զավակների կյանքը և հոգին, ու նրանք իմ մարմինն ու անդամներն են: Ես բաժնեկից եմ նրանց յուրաքանչյուր ցավին ու վշտին, և երբ հասնում է ժամանակը, ամոքում եմ բերում նրանց:
9. Ինչպես որ ինքս կրեցի խաչը, ես ի վիճակի եմ ազատելու և կատարյալ ապահովության մեջ պահելու նրանց, ովքեր խաչակիրներ են, նույնիսկ երբ նրանք հալածանքի բոցերի միջով են քայլում: Ես երեք երիտասարդների հետ էի Նաբուգոդոնոսորի հնոցի մեջ. նա իր ամբողջ կատաղությամբ նրանց վնասելու զորություն չուներ: Հետևաբար նրանք, ովքեր Սուրբ Հոգու մկրտությամբ նոր կյանք են ստացել, երբեք չեն զգա ո՛չ հալածանքի բոցերը, ո՛չ էլ վնասարար այլ բան, քանզի նրանք միշտ ապրում են իմ մեջ հավիտենական խաղաղության ու ապահովության մեջ:
(շարունակելի)

Անգլերենից թարգմանեց
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Նկարիչ` Մայիս ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ